Foreign Affairs-ում մի շատ լավ հոդված էր հրապարակվել՝ «Սպասումների Տիրանիա» վերնագրով։ Այս հոդվածում, սկսած 1805-ին տեղի ունեցած Աուստերլիցի ճակատամարտից մինչև Ուկրաինական պատերազմի թատերաբեմ, վերլուծվում են պատերազմների ինֆորմացիոն բաղադրիչները և նշվում է, թե հաղթանակի համար ինչքան կարևոր է սեփական հասարակության ու միջազգային խաղացողների մոտ սպասումների ճիշտ կառավարումը։ Բերվում են օրինակներ գերդրական ու գերբացասական սպասումներով պատերազմներ վարողների, թե ինչպես են այդ ծայրահեղությունները պատճառ դառնում ռազմաճակատների փլուզման, և ընդհակառակը՝ թե ինչպես են տակտիկական հաղթանակները վերածվում ստրատեգիական պարտությունների։
Որպես օրինակ բերվում է թե հրեաները ինչքան ճիշտ վարվեցին, երբ 1973-ի մարտի դաշտում տարած տակտիկական հաղթանակը հայտարարեցին պարտություն ու հեռացրեցին իրենց ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Այս հոդվածը ևս մեկ անգամ փաստում է, թե 44-օրյայի ժամանակ ինչ մեծ հանցագործություն է կատարվել մեր նկատմամբ՝ թաքցնելով իրականությունը։
Այս հոդվածը վերաբերում է նաև 2016-ի ապրիլյանին, թե ինպես կարելի է մարտի դաշտում տանել տակտիկական հաղթանակ, բայց միաժամանակ ընդհանուր պատերազմում կրել ստրատեգիական պարտություն։
Պատերազմը առաջին հերթին քաղաքական գործընթաց է, իսկ մարտավարական մասը նրա ընդամենը մեկ բաղադրիչն է։ Պատերազմները հաղթում և պարտվում են ռազմաքաղաքական էլիտաները, այլ ոչ թե սովորական զինվորները, սպաները կամ ֆիդայիները։
Վահրամ Մարտիրոսյան